Եվրոպայում կորոնավիրուսի զոհերի գրեթե կեսը խնամքի կենտրոններում բնակվող տարեցներ են. ԱՀԿ

18:32 • 23.04.20

Եվրոպայում կորոնավիրուսի զոհերի գրեթե կեսն ապրում է երկարատև խնամքի հաստատություններում, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական ստորաբաժանման տնօրեն Հանս Կլյուգեն, գրում է ria.ru-ն։

«Եվրոպական տարածաշրջանի երկրների գնահատման համաձայն` COVID-19-ի զոհերի գրեթե կեսը երկարատև խնամքի հաստատությունների բնակիչներ են: Դա աներևակայելի մարդկային ողբերգություն է», - Twitter-ում գրել է նա։

ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ այդ մարդկանց պատկառելի տարիքը, առողջական վիճակը, մտավոր խնդիրները թույլ չեն տալիս նրանց հետևել իրենց առողջության պահպանմանն ու հիգիենային, ինչը նրանց վարակման ավելի մեծ ռիսկի է ենթարկում։

Նա հայտարարել է, որ ներկայում ստեղծված իրադրության պատճառով այդ հաստատությունների բնակիչներից շատերին արգելված է այցելել, ինչը նրանց զրկում է ֆիզիկական և հոգեբանական աջակցությունից:

«Նույնիսկ շատ ծեր մարդիկ, որոնք թույլ են և բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ ունեն, առողջանալու շանս ունեն, եթե նրանց լավ խնամեն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այդ կապակցությամբ ԱՀԿ-ի տարածաշրջանային ղեկավարն առաջարկել է խրախուսել երկարատև խնամքի կենտրոնների աշխատակիցներին, փոխել այդ հաստատությունների գործունեության եղանակը։

Ավելի վաղ Կլյուգեն հայտարարել էր, որ Եվրոպայում COVID-19-ի մահվան դեպքերի ավելի քան 95 տոկոսը կազմում են 60 տարեկան մարդիկ, վարակման ռիսկային խմբում են մնում սրտանոթային հիվանդություններով, հիպերտոնիա և շաքարախտ ունեցող տարեցները:

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 2 666 198-ի, որից մահացել է 186 147 մարդ, ապաքինվել՝ 730 855-ը։