Հայտարարել, թե ֆորս մաժորն անցել է, զավեշտալի է. արտակարգ դրությունը միայն թղթի վրա չէ, մարդիկ չեն աշխատում, որ կարողանան կոմունալ վճարումներ կատարել. Արման Աբովյանը՝ ՀԾԿՀ հայտարարության մասին
Հայտարարել, թե ֆորս մաժորն անցել է, նվազագույնը զավեշտալի է, քանի որ մարդիկ չեն աշխատում և գումար չունեն, որ կարողանան կոմունալ վճարումներ կատարել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողի այն հայտարարութանը, համաձայն որի՝ ապրիլի 22-ից կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություններն իրավասու են դադարեցնել այդ ծառայությունը, եթե դրա դիմաց վճարում չի արվում, քանի որ վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած:
«Ֆորս մաժորը «պոզով-պոչով» չի լինում, պիտի այլմոլորակայիննե՞րը գան, միջուկային պատերա՞զմ սկսվի, որ ֆորս մաժոր համարվի: Սա դասական ֆորսմաժորային իրավիճակ է: Արտակարգ դրությունն ավարտված չէ, և ավելին՝ արտակարգ դրության ավարտից հետո էլ ինչ-որ ժամանակ է հարկավոր, որ մարդիկ աշխատեն, կարողանան գումար վաստակել»,-նշեց պատգամավորը:
Նա ընդգծեց՝ ԲՀԿ-ն հայտարարել է, որ այս պարագայում ամենաճիշտ տարբերակն այն կլինի, որ պետությունը սուբսիդավորի այն կազմակերպություններին, որոնք մատուցում են կոմունալ ծառայություններ, քանզի արտակարգ դրությունը ենթադրում է նաև արտակարգ քայլեր: «Կարծում եմ՝ սա անընդունելի է , պետությունն այս ամենի մեջ պարտավոր է գտնել սուբսիդավորման որոշակի եղանակներ: Որոշ նախաձեռնություններ կան, որոնք միայն որոշ չափով են կոմպենսացնում խնդիրները: Դա ելք չէ: Ֆորսմաժորային իրավիճակում անթույլատրելի է մարդկանց անելանելի վիճակի մեջ դնելը»,-ասաց Աբովյանը:
Անդրադառնալով կառավարության աջակցության ծրագրերին, որոնք վերաբերում են կոմունալ վճարների մասնակի փոխհատուցումներին՝ Արման Աբովյանն ասաց, թե հատվածային լուծումները ընդհանուր խնդիրը լուծել չեն կարող, և ամենակարևոր ցուցիչը քաղաքացիների արձագանքն է, որը բացասական էր:
«Յուրաքանչյուր խնդիր պետք է լուծվի գլոբալ առումով, և ժամանակն ու պրակտիկան ցույց տվեցին, որ այն լուծումները, որոնք այսօր առաջարկում է կառավարությունը, չեն աշխատում: Պետք է հասկանալ, որ արտակարգ դրությունը ոչ միայն թղթի վրա է գրված, այլև իրականում կա: Օրինակ՝ օրավարձով աշխատողներն այսօր անելանելի վիճակում են, գոյատևման խնդիր է առաջ քաշված»,-նկատեց Աբովյանը:
Վերջինս, անդրադառնալով հարցին, թե այս իրավիճակում ինչպիսի աշխատանք պետք է կատարի ԱԺ-ն, և ինչ նախաձեռնություններ կարող են լինել, ասաց, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է օրինագիծ, որը կտրուկ նվազեցնում է հարկային պարտավորությունների հետ կապված տույժ-տուգանքները:
«Դրա հետ մեկտեղ մենք ներկայացրել ենք յոթ առաջարկ, դրանցից որոշները փաթեթով ներկայացրել ենք կառավարությանը: Փաթեթով առաջարկում ենք գլոբալ լուծումներ, այդ թվում՝ օրավարձով աշխատողների համար: Նաև երեք օրենսդրական նախաձեռնություններով ենք հանդես եկել, որոնք վերաբերում են տարբեր գործիքների. դրանցով հնարավոր է այնպես անել, որ մարդկանց վիճակը զգալիորեն թեթևանա և համահունչ լինի այս ծանր իրավիճակին»,-ասաց պատգամավորը










