ԱՄՆ պետքարտուղարությունը կորոնավիրուսի արհեստական ծագման մասին ապացույցներ չի գտել

10:42 • 23.04.20

ԱՄՆ պետդեպարտամենտի հետազոտությունների և հետախուզության բյուրոն ապացույցներ չունի կորոնավիրուսի արհեստական ծագման վերաբերյալ: Այս մասին «Ազգային անվտանգության և հետախուզության հարցերով դաշինք» ոչ կառավարական կազմակերպության կազմակերպած վեբինարի ընթացքում հայտարարել է բյուրոյի ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլեն ՄըքՔարթին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դա մեր տեսակետն է, աշխարհի գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսի գենետիկ հաջորդականությունը: Ապացույցներ չկան, որ այն ծրագրված կամ ինչ-որ կերպով ստեղծված է»,-տեղեկացրել է ՄըքՔարթին:

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին հայտարարել էր, որ Պենտագոնում կասկածում են, որ կորոնավիրուսը կարող է ստեղծված լինել լաբորատորիայում:

Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել էր, որ ուհանյան լաբորատորիայից կորոնավիրուսի տարածման մասին վարկածը հաստատված չէ ոչ մի ապացույցով: ԱԳՆ-ի ներկայացուցիչն այսպես մեկնաբանել է ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդագրությունը, որը, հղում անելով բազմաթիվ աղբյուրների, վստահեցնում է, որ կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդն աշխատելիս է եղել Ուհանի վարակաբանական ինստիտուտի լաբորատորիայում: Կորոնավիրուսի մասին հայտնի դառնալուց հետո լրատվամիջոցներում և համացանցում բազմիցս տարբեր ենթադրություններ են հայտնվել այն մասին, որ նոր վիրուսը հնարավոր է դուրս եկած լինի Ուհանի վարակաբանական ինստիտուտից:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 638 909 է, մահացել է 184 248 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: