Կատարում մզկիթները փակ կմնան նաև Ռամադանի ընթացքում. РИА Новости

03:43 • 23.04.20

Կատարի Իսլամի հարցերով նախարարությունը չորեքշաբթի հայտարարել է, որ երկրում մզկիթները կշարունակեն փակ մնալ Ռամադանի ընթացքում, որը Մերձավոր Արևելքի երկրների մեծ մասում սկսվում է ապրիլի 24-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով QNA գործակալությանը:

«Նախարարությունը կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու նպատակով հայտարարում է մզկիթները փակելու, նամազների խմբային կատարման, ինչպես նաև  ուրբաթօրյա աղոթքների ծառայության արգելքի ժամկետի երկարաձգման մասին»,- նշել են գերատեսչությունում:

Ընդ որում, մզկիթների մինարեթներից աղոթքի կոչերը շարունակելու են հնչել:

Կատարի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցում է 7.1 հազարը: Նրանցից 10-ը մահացել է: