Եվրամիությունում հուսով են, որ չնայած կորոնավիրուսին՝ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը կկայանա
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը հուսով է, որ չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ հունիսին ծրագրված «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը տեղի կունենա ժամանակին: Այս մասին տեղեկացնում է Եվրոպական միության պաշտոնական կայքը:
Բորելն այս մասին խոսել է Բրյուսելում` տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստի ժամանակ: Նրա խոսքով՝ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները համաձայնել են, որ կորոնավիրուսի հետ կապված ներկայիս ճգնաժամը հնարավորություն է ցույց տալու, որ ԵՄ-ն ամենահուսալի գործընկերն է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի համար:
«Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք աջակցել նրանց, որպեսզի այս իրավիճակը չվնասի նրանց տնտեսություններին, աշխատատեղերին և ինստիտուտներին, և բարեփոխումներ անելու մեր ծրագիրը մնում է օրակարգում: Հունիսին նախատեսված «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը լավ առիթ պետք է հանդիսանա մեր աջակցությունը տարածաշրջանին հայտնելու համար, ինչպես նաև համագործակցության հստակ ուղղություններով աշխատանքներ տանելու և աշխատատեղեր ստեղծելու համար»,-ասել է Բորելը:
«Արևելյան գործընկերության» կազմում ներառված են նախկին ԽՍՀՄ 6 հանրապետություններ` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան և Ուկրաինան:










