Լեհաստանի ամենամեծ ազգային պարկում մոլեգնում են պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհները (լուսանկարներ)

13:34 • 23.04.20

Լեհաստանի հյուսիսարևելյան հատվածում գտնվող խոշորագույն Բեբժանսկի ազգային պարկում մոլեգնում են անտառային հրդեհները. հրշեջները կիրակի օրվանից կրակի մարման աշխատանքներ են կատարում, հայտնում է RMF 24 լրատվականը։

Հրդեհաշիջման աշխատանքներում Լեհաստանի այլ շրջաններից հրշեջ ջոկատներ, ինքնաթիռներ և ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և տարածքային պաշտպանության ուժերի զինծառայողներ են ընդգրկվել։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ կրակը մոտ 6 000 հեկտար ճահճային մարգագետին ու անտառ է «կուլ տվել»։

Նշվում է, որ ամեն տարի ազգային պարկում գարնանը չոր խոտի ու եղեգների այրման դեպքեր լինում են, սակայն ներկայիս հրդեհները պարկի պատմության մեջ ամենախոշորն են համարվում։  Նախօրեին որոշ շրջաններում հնարավոր է եղել կրակը վերահսկողության տակ առնել, սակայն դեռևս հայտնի չէ՝ որքան ժամանակ անհրաժեշտ կլինի հրդեհներն ամբողջովին մարելու համար։ Իրավիճակը բարդացնող հանգամանք է նաև այն, որ Լեհաստանում այժմ տասնամյակի ամենախիստ գարնանային երաշտն է։

Բեբժանսկի ազգային պարկն ավելի քան 592 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք է ընդգրկում։ Այն հազվադեպ հանդիպող տարբեր տեսակի կենդանիների ապաստան է: Կենդանիների կյանքն այժմ հրդեհի հետևանքով վտանգված է։