Իտալիայում կորոնավիրուսի պատճառով մաֆիայի տասնյակ պարագլուխներ կարող են ազատվել բանտային կալանքից
Իտալիայում կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար մաֆիայի տասնյակ պարագլուխներ կարող են ազատվել բանտային կալանքից և իրենց պատիժը տնային պայմաններում շարունակել, հայտնում է The Guardian պարբերականը։
Իտալական L’Espresso ամսագրի տեղեկություններով՝ չորեքշաբթի Միլանի դատավորներից մեկը «Կոզա Նոստրա» խմբավորման ամենաազդեցիկ պարագլուխներից մեկի՝ 78-ամյա Ֆրանչեսկո Բոնուրայի 23 տարվա բանտային կալանքը փոխարինել է տնային կալանքով, որի ընթացքում նա առողջական խնդիրներ ունենալու դեպքում բուժհաստատություն տեղափոխվելու իրավունք ունի։
Դատավորները նման որոշումներ են կայացրել նաև մի քանի այլ տարիքով բանտարկյալների համար, որոնք քրոնիկ հիվանդություններ ունեն, ուստի կորոնավիրուսով վարակումը նրանց համար կարող է ճակատագրական լինել։
«Տագնապալի իրավիճակ է․․․ Իտալիայի բանտերում հանցավոր կազմակերպությունների մոտավորապես 12 000 անդամ կա։ Ուղղիչ հիմնարկներից հայտնում են, որ դատապարտվածները սկսել են գրկախառնվել միմյանց հետ, որպեսզի մեծացնեն կորոնավիրուսով վարակման հավանականությունը և դուրս գան բանտերից»,- նշել է Իտալիայի բանտային ոստիկանների խոշոր արհմիության գլխավոր քարտուղար Լեո Բենեդուչին։
Նշվում է նաև, որ ուղղիչ հիմնարկներում հատուկ թերթիկներ են շրջանառվում, որոնցում նշվում է 70 տարեկանից բարձր և որոշակի հիվանդություններ ունեցող այն բանտարկյալների անունները, որոնք կորոնավիրուսով վարակման դեպքում բարդացումների առաջ կարող են կանգնել։










