Հետապնդում և խիստ կարանտինային ռեժիմ. Ուհանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի իրական պատկերը լուսաբանած լրագրողը երկու ամսվա անհետացումից հետո պատմել է իր հետ կատարվածի մասին (տեսանյութ)
Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի իրական պատկերի մասին բարձրաձայնած երեք լրագրողից մեկը երկու ամսվա անհետացումից հետո համացանցում պատմել է հանրությանը չներկայանալու պատճառների մասին, հայտնում է The Guardian պարբերականը։
Լի Ցզեհուա անունով լրագրողը քաղաքում տիրող իրավիճակի, հիվանդության ծագման վայրի, վարակի տարածման և դրա մասշտաբների մասին առաջին ռեպորտաժ պատրաստողներից էր, որը վերջին անգամ հրապարակում էր արել փետրվարի 26-ին։ Այդ օրը լրագրողը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե ինչպես են նրան անծանոթ կասկածելի մարդիկ սպիտակ մեքենայով հետապնդում։
Նոր հրապարակված տեսանյութում լրագրողը պատմում է, որ նրան սկզբում ոստիկանական բաժանմունք են տարել և իր դեմ հասարակական կարգը խախտելու համար գործ բացել։ Սակայն ավելի ուշ հայտարարել են, որ գործի քննությունը չի շարունակվի, և նրա նկատմամբ պարտադիր կարանտինային ռեժիմ են սահմանել, քանի որ երիտասարդը վարակի պոտենցիալ օջախներում է գտնվել։
Լրագրողը պարզաբանում է, որ գաջեթներն ընկերոջն է տվել, իսկ մնացած ամիսները սկզբում Ուհանում, այնուհետև այլ նահանգի հարազատ քաղաքում է անցկացրել։ Վերջինս նշում է նաև, որ իր նկատմամբ խիստ հսկողություն է սահմանվել, և նա նորությունների մասին միայն պետական լրատվամիջոցներից է տեղեկացել։
Լրագրողը պատմել է, որ չի ցանկացել «աչք փակել» և անտեսել Ուհանում տիրող իրավիճակը, մեկնել է քաղաք և իր տեսանյութերում հաճախ է վարակման իրական թվերը թաքցնելու վերաբերյալ տեղական իշխանությունների ծրագրերի մասին պատմել, մեջբերել հիվանդների մեկնաբանությունները։
Ուհանում կորոնավիրուսի բռնկման սկզբում ճշմարտությունը բացահայտող ռեպորտաժների թողարկվելուց հետո Լիի հետ միասին փետրվարի 6-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ևս երկու լրագրող է անհետացել։
Տեսանյութը՝ այստեղ:










