Հյուսիսկորեացիները կորոնավիրուսի ֆոնին «խուճապահար դատարկում են մթերային խանութները». Bloomberg

12:43 • 23.04.20

Հյուսիսային Կորեայում սպառողները «խուճապահար սննդամթերք են գնում և պաշարներ հավաքում՝ մեծ արագությամբ դատարկելով խանութների վաճառադարակները», հայտնում է Bloomberg գործակալությունը։

Նման մեծաքանակ գնումները կատարվում են Փհենյանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային միջոցառումների ֆոնին և որևէ կապ չունեն լրատվամիջոցներում վերջերս շրջանառվող լուրերի հետ առ այն, որ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի առողջական վիճակը վատթարանում է։

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրում ի սկզբանե ներկրվող մրգերի և բանջարեղենի պակաս է եղել, այնուհետև շրջանակը մեծացել է՝ ընդգրկելով այլ ապրանքներ նույնպես։  Ստեղծված իրավիճակի ֆոնին երկրում գնաճ է նկատվել:

Հյուսիսային Կորեան Չինաստանի հետ կորոնավիրուսի պատճառով սահմանը դեռևս հունվարին է փակել, և չնայած իշխանությունների պնդումներին, թե երկրում կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի գրանցվել՝ ԱՄՆ-ն հակառակ հայտարարություններ է անում՝ վարակման առկա դեպքերի հետ կապելով ռազմական ակտիվության նվազեցումը։

Հյուսիսային Կորեան աշխարհի ամենաաղքատ երկրներից է․ միայն 1990 թվականին այստեղ բնակչության 10 տոկոսը սովից է մահացել։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն այս շաբաթ հայտնել է տնտեսական դժվարությունների մասին՝ նշելով, որ համավարակը որոշ զարգացող երկրներում կարող է սովի հանգեցնել։ Նշվում է, որ Հյուսիսային Կորեան այս առումով խոցելի խմբում է, քանի որ Պարենի համաշխարհային ծրագրի հետազոտությունների համաձայն՝ այստեղ երկրի բնակչության 40 տոկոսը թերի է սնվում։