Հաստատվեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը ու 2020-2022թթ․ գործողությունների ծրագիրը

14:05 • 23.04.20

Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու 2020-2022թթ․ գործողությունների ծրագիրը։ 

         Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, աշխատանքային խմբի կողմից մշակված այս փաստաթուղթն անցել է համակողմանի հանրային քննարկում, միջազգային գործընկերների հետ ձեռք է բերվել Ռազմավարության իրականացման շուրջ մի շարք պայմանավորվածություններ, ինչպես նաև ապահովվել է ֆինանսական գնահատումը։

Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման և օրենսդրական փոփոխությունների արդյունքում․

  •   Կստեղծվի ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն,
  •   Կստեղծվի Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն,
  •   Կվերանայվի նախաքննության արդյունավետությունը,
  •   Հասարակական կարգի պահպանության համատեքստում կապահովվի ոստիկանության զորքերի կարողությունների զարգացումը, կներդրվեն տակտիկական արդյունավետ լուծումներ, աշխատանքներ կիրականացվեն բանակցային ու հաղորդակցության կարողությունների զարգացման, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության բարելավման ուղղություններով,
  •   Կվերաիմաստավորվի համայնքային ոստիկանությունը,
  •   Լրջորեն կվերանայվեն ոստիկանության կադրերի պատրաստման, կարողությունների շարունակական զարգացման ու բարոյահոգեբանական պատրաստման, ոստիկանության ծառայողի բարեվարքության ու հակակոռուպցիոն կրթություն ստանալու հարցերը։ Դրա համար նախատեսված է Ոստիկանության կրթահամալիրի կրթական, վերապատրաստման ու պատրաստման ծրագրերի վերանայում, ինչպես նաև միջավայրի բարեփոխում։ Նախանշվել է նաև ոստիկանության ծառայողների  սոցիալական երաշխիքների ամրապնդմանն ուղղված կոնկրետ քայլեր։ 
  •  Քայլեր կձեռնարկվեն նաև թափանցիկության և հանրային հաշվետվողականության աճի, միջազգային համագործակցության խթանման ուղղությամբ։