Նյու Յորքի կենդանաբանական այգու բնակիչ չորս վագրի և երեք առյուծի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել (լուսանկար)

17:21 • 23.04.20

Նյու Յորքի Բրոնքս թաղամասի կենդանաբանական այգու բնակիչ չորս վագրի և երեք առյուծի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով կենդանաբանական այգու պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությանը։

Տնօրինությունը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին նման ախտորոշում է տրվել Նադիա անունով 4-ամյա մալայական էգ վագրին։

«Մենք կարող ենք հաստատել, որ հազացող երեք այլ վագրից և երեք աֆրիկյան առյուծից վերցրած անալիզների պատասխանները դրական են եղել, և նրանց մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կենդանաբանական այգու տնօրենը պարզաբանել է նաև, որ նմանատիպ ախտորոշումը հաստատվել է մեկ այլ վագրի մոտ, որի մոտ հիվանդությունն առանց ախտանշանների է դրսևորվել։

Անալիզներ վերցնելու համար կենդանիներին անզգայացման անհրաժեշտություն չի եղել: «Բոլոր կենդանիներն էլ իրենց լավ են զգում։ Իրենց սովորականի պես են դրսևորում, լավ սնվում են և ավելի քիչ հազում»,- ասվում է հաղորդագրության մեջ։