Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2376-ի
Թուրքիայում վերջին օրվա ընթացքում կատարվել է կորոնավիրուսի 37 535 թեստավորում, գրանցվել է վարակման 3083 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային:
Քոջան տեղեկացրել է, որ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 98 674-ի, վերջին օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 117 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2376-ի:
Տեղեկացվում է նաև, որ վարակվածներից 1814-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 985-ը միացված է արհեստական շնչառության սարքերին: Առողջացած հիվանդների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1559-ով` հասնելով 16 477-ի:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 638 909 է, մահացել է 184 248 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










