Նիկոլ Աղբալյանի անվ․ թիվ 19 դպրոցի տնօրենի մրցույթի հայտարարության մեջ թերություններ են հայտնաբերվել. փոխաքաղաքապետը՝ մրցույթի արդյունքները չեղարկելու մասին (տեսանյութ)
Դպրոցներում տնօրենների ընտրության կարգը բաց ու թափանցիկ է, և Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում մրցույթն ընթացել է մի քանի լրատվականների ուղիղ եթերում և որևէ կերպ ընտրության պրոցեսի խնդիրների մասին իմ և քաղաքապետի զրույց չի եղել: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ անդրադառնալով հարցին՝ ի՞նչ է զեկուցել քաղաքապետին, որ նա որոշել է պայմանագիր չկնքել մրցույթում հաղթած թեկնածուի հետ:
«Խոսքը վերաբերում է նրան, որ մրցույթի կարգը հայտարարվել էր ոչ պատշաճ: Մրցույթի հայտարարության մեջ եղել են թերություններ, և քննարկելով իրավաբնների հետ, մենք եկել ենք երակացության, որ տվյալ կարգով հայտարարությունն այլոց իրավունքները սահմանափակել է, և պետք է հայտարարվի մրցույթ՝ այլ ձևաչափով։ Հայտարարման ձևաչափը պետք է լինի այնպես, որ բոլորը կարողանան մասնակցություն ունենալ: Քաղաքապետը չեղարկել է հանձնաժողովի որոշումը և հայտարարվել է նոր մրցույթ»,- ասաց նա:
Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանը որդեգրել է այն սկզբունքը, որ ցանկացած հայտարարվող մրցույթ, որը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպություներին, պետք է լինի հավասար բոլորի համար և դա քննարկման ենթակա չէ:
Հարցին էլ՝ արդյոք տեղյա՞կ է, որ դպրոցի տնօրենն իրեն դատի է տվել, Վիրաբյանն արձագանքեց, որ դպրոցի տնօրենը չի կարող իրեն դատի տալ, կարող է վիճարկել քաղաքապետի որոշումը և, եթե դպրոցի տնօրենը ընտրել է այդ ճանապարհը, դա իր իրավունքն է:
Նշենք, որ 2020 թվականի մարտի 6-ին տեղի է ունեցել Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը և տնօրեն էր ընտրվել դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը։ Դպրոցի տնօրենի թափուր հաստիքի թեկնածուներն էին Լիանա Աշրաֆյանը, Անժելա Կարապետյանը, Տաթևիկ Մարաբյանը, Անուշ Մարտիրոսյանը, Արմինե Մարտիրոսյանը։ Կառավարման խորհուրդի 6 անդամներից 1-ը քվեարկել էր Անուշ Մարտիրոսյանի, 5-ը՝ Լիանա Աշրաֆյանի օգտին, սակայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ապրիլի 16-ի որոշմամբ մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվել։










