Էլի եկա՞վ ՀՀՇ-ի տարիները, որ անլույս, անգազ նստենք, նախ ասում են՝ կոմունալները մի վճարեք, հետո մտցնում են «տուպիկ». քաղաքացիներ
Իշխանությունը միշտ էլ խաբել է ժողովրդին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մի քաղաքացի` անդրադառնալով դիտարկմանը, որ երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ բոլոր բնակիչ-բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած։ Ըստ այդմ, ապրիլի 22-ից կոմունալ ծառայությունների դիմաց չվճարելու դեպքում ծառայությունը մատուցող ընկերությունն արդեն իրավունք ունի կասեցնել այն:
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ֆեյսբուքի օգտատերերի հարցերին, ասել էր, որ կոմունալների չվճարման համար անջատումներ չեն լինի, իսկ հետագա չվճարման դեպքում քայլեր կձեռնարկեն։
Քաղաքացին Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե իրենք նստեն տանը, ապա իշխանությունը պարտավոր է ապահովել իրենց։
«70 տարեկան միայնակ թոշակառու եմ, թող բերեն ապահովեն, սոցիալական աջակցության ծրագրերին եմ դիմել, ոչ մի կետով չեմ համընկել»,- ասաց երևանաբնակ կինը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ստացվում է իշխանությունն իրենց խաբել է։ Եթե մարդիկ տանն են եղել, չեն աշխատել, ինչպես կարող են վճարել կոմունալ վարձերը։
«Մենք խաբված ենք, 2 ամիս չենք աշխատել, չենք ստացել աշխատավարձ, ուղղակի գոյատևել ենք, ինչպե՞ս վճարենք»,- ասաց քաղաքացին։
Նրանցից ոմանք էլ ասացին, որ մարդիկ այսօր հացի փող չունեն, սոված են, ուր մնաց թե կոմունալները վճարեն։ Մի քաղաքացի էլ առաջարկեց երկարաձգել վճարման ժամկետը։
«Չենք ասում չենք վճարելու, կարելի է զիջումների գնալ։ Ամիսուկես տանը նստացնելուց հետո, 3 օր ժամանակ են տալիս։ Էլի եկա՞վ ՀՀՇ-ի տարիները, որ անլույս, անգազ պիտի նստի ժողովուրդը։ Սկզբում խոստումներ էին տաիս, հետո ասացին ժամանակ կտանք, հիմա էլ «տուպիկ» են մտցնում»,- ասաց քաղաքացին։
Նա նաև նշեց, որ 17 տարեկան տղա ունի, ու երբ գա նրա բանակ գնալու ժամանակը, ասելու է, որ գրանցված աշխատողների երեխաներին թող տանեն։
Մանրամասները՝ տեսանյութում:










