«Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը կվճարի իր արարքների համար»․ Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն սպառնացել է Չինաստանին «վճարել կորոնավիրուսի հետ կապված ներկայիս համաշխարհային ճգնաժամի համար»՝ ՉԺՀ-ին մեղադրելով «մեծ թվով մարդկային կորուստների» համար, գրում է Daily Mail-ը։
Մայք Պոմպեոն կրկին մեղադրել է Չինաստանին կորոնավիրուսի բռնկման մասին տեղեկատվությունը թաքցնելու համար, ինչի պատճառով հազարավոր մարդիկ են զոհվել: Այս մասին պետքարտուղարն ասել Է Fox News հեռուստաալիքի եթերում։
Բացի այդ, Պոմպեոն կարծում է, որ տեղեկատվությունը թաքցնելու պատճառով մեծ խնդիրներ են առաջացել համաշխարհային և ամերիկյան տնտեսության համար:
«Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ մեր հարաբերություններում առաջվա պես թափանցիկություն չկա։ Մենք կասկածում ենք, որ մինչ այժմ կան շատ բաներ, որոնց մասին մենք չգիտենք»,- հայտարարել է Պոմպեոն։
Պետքարտուղարի խոսքով՝ Չինաստանը «կվճարի իր արարքների համար»։ Թե ինչպես է վճարելու ՉԺՀ-ն, Պոմպեոն չի հստակեցրել: Նա հայտարարել է, որ այժմ ԱՄՆ-ն կենտրոնացած է քաղաքացիների անվտանգության ապահովման և երկրի համար ռիսկերի նվազեցման վրա:
Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ Չինաստանը խոչընդոտում է նոր կորոնավիրուսի ծագումը բացահայտելու ԱՄՆ-ի փորձերին։
Նրա խոսքով՝ Չինաստանը հրաժարվում է թույլ տալ ԱՄՆ մասնագետներին մուտք գործել Ուհանում գտնվող լաբորատորիա և հետաքննություն անցկացնել։
«Երբ մենք փորձեցինք դա անել, չինացիները մեզ թույլ չտվեցին մուտք գործել ոչ միայն լաբորատորիա, այլև ամենուր, որտեղ մենք կարող էինք գտնել այդ վիրուսի սկզբնաղբյուրը»,-նշել է Պոմպեոն:










