«Մարդկանց փակել են չորս պատի մեջ, և այդ մեթոդը մեզ են հրամցնում»․Լուկաշենկոն Եվրոպային քննադատել Է կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Եվրոպայի մի շարք երկրների ձեռնարկած քայլերը և նախազգուշացրել հիվանդության երկրորդ ալիքի մասին, գրում է korrespondent.net-ը։
Համավարակի պայմաններում տնտեսության և սոցիալական ոլորտի կայուն աշխատանքի ապահովման առաջնահերթ միջոցառումների հարցով խորհրդակցության ժամանակ Բելառուսի ղեկավարը ուշադրություն է հրավիրել որոշ պետություններում սահմանված մեկուսացմանը:
«Նրանք մեկուսացրել են մարդկանց, փակել չորս պատի մեջ, և այդ մեթոդը մեզ են հրամցնում։ Այսօր այդ երկրներում մահանում է օրական մինչև 400-600 մարդ, այսինքն կորոնավիրուսը, եթե դա կորոնավիրուս է, միևնույն է մոլեգնում է»,- հայտնել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի խոսքով՝ կարանտինից հետո փողոց դուրս կգան «թուլացած մարդիկ», որոնք «կվարակվեն վիրուսով»։
Վերջին տվյալներով՝ Բելառուսում հաստատվել է կորոնավիրուսի 8 022 դեպք, որից 60-ը՝ մահվան ելքով։
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 725 920 է, մահացել է 191 061 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










