ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ՀՀ Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ձյուն է տեղում. «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է

10:59 • 24.04.20

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 10:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Գեղարքունիքի մարզում ճանապարհները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար: Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, կա կուտակված 20 ավտոմեքենա: Սյունիքի մարզի Հարժիս գյուղի մոտ կա կուտակված 7 բեռնատար:

Ապարան-Արագած, Ապարան-Ծաղկահովիտ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է:

Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Արթիկ և Մարալիկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Ապարանի տարածաշրջանում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: