«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը. պատահարի հետևանքով էլեկտրական լարերը հայտնվել են ճանապարհի երթևեկելի հատվածում

17:35 • 24.04.20

Ապրիլի 24-ին, ժամը 09:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու ավտոշուկայից դեպի Նուբարաշենի գերեզմանատուն տանող ավտոճանապարհին էլեկտրական սյունը թեքվել է դեպի երթևեկելի հատված. առկա է ընկնելու վտանգ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ նշված հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Որսորդ» ՍՊԸ-ին պատկանող էլեկտրական սյանը, որի էլեկտրական լարերը հայտնվել են ճանապարհի երթևեկելի հատվածում:

Փրկարարներն էլեկտրական լարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: