«Ես հպարտ էի գլխավորել Սենատում բանաձևն անցկացնելու ջանքերը»․ սենատոր Թեդ Քրուզը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել

17:30 • 24.04.20

Ամերիկացի հանրապետական սենատոր Թեդ Քրուզը, որը մեծ ջանքեր է ներդրել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, թվիթերյան գրառմամբ հիշատակել է 20-րդ դարի մեծագույն հանցագործության զոհերին և կիսվել Սենատի կողմից ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո իր ելույթի խոսքով։

«Այսօր մենք հանդիսավոր կերպով հիշատակում ենք 105 տարի առաջ Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն անմեղ հոգիներին։ Ես հպարտ էի գլխավորել ցեղասպանության ճանաչման և հիշատակման համար Սենատում երկկուսակցական բանաձևն անցկացնելու ջանքերը»,- նշել է սենատորը։

Տեսանյութում Սենատի դահլիճում Քրուզը շնորհակալություն է հայտնում սենատորներին ճիշտ որոշում կայացնելու՝ բանաձևին կողմ քվեարկելու համար և խոսում Օսմանյան կառավարության կողմից մոտ 2 միլիոն հայի սպանության, տեղահանման և մինչև այժմ Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին։