«Մենք կանգնած ենք Հայոց ցեղասպանության ամոթի առաջ, կիսում ենք հայ և ասորի ժողովուրդների վիշտը». Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցություն
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:
«Մենք կանգնած ենք Հայոց ցեղասպանության ամոթի առաջ» վերնագրով հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«1915 թվականի ապրիլի 24-ին շուրջ 250 հայ մտավորականներ, որոնց թվում էին պատգամավորներ, գրողներ, լրագրողներ, ուսուցիչներ, ձերբակալվեցին և սպանվեցին: Այնուհետ «Միություն և առաջադիմություն» կուսակցության կոմիտեի որոշմամբ հայ ժողովրդի մեծ մասը, որը հազարամյակների ընթացքում ապրում էր իր հայրենիքում, վտարվեց այնտեղից:
«Վերաբնակեցումը», որը հանգեցրեց ցեղասպանության, մեծ բացասական ազդեցություն ունեցավ նաև ասորիների, խալդերի, եզդիների և հույների համար: Անատոլիան քրիստոնեական էր: Ցեղասպանության հետևանքով այստեղ փոխվեցին մշակութային արժեքները:
Թուրքիան արդեն 105 տարի չի առերեսվում Հայոց ցեղասպանությանը: Ընդհակառակը, ցեղասպանության գլխավոր մեղավորներ Թալեաթ և Էնվեր փաշաների անուններով հազարավոր հասարակական վայրեր են անվանվում: Մեծագույն ոճիրն անպատժելի է մնացել և կրկնվել է: Խտրականությունն ու ատելության քարոզն օրինաչափություն են դարձել:
Հայոց ցեղասպանությունն ընդունվել է աշխարհի տասնյակ խորհրդարանների կողմից: Սակայն մեր խորհրդարանը, այն երկրի խորհրդարանը, որտեղ տեղի են ունեցել այդ դեպքերը, 105 տարվա ընթացքում չի քննարկել այս հարցը:
Մեծ հանցագործությունը պետք է քննարկվի ոչ թե այլ երկրների խորհրդարաններում, այլ այն երկրի խորհրդարանում, որտեղ դա տեղի է ունեցել` Թուրքիայի Միլլի Մեջլիսում:
Առերեսվելով նախկին հանցագործությանը՝ դրա ճանաչումն ու դատապարտումը մեծ ներդրում կունենան խաղաղության գործում:
Որպես Անատոլիայի հին ժողովրդի զավակներ՝ մենք կանգնած ենք Հայոց ցեղասպանության ամոթի առաջ: Մենք կիսում ենք հայ և ասորի ժողովուրդների վիշտը: Մենք մարդկային ողբերգություն ենք զգում մեր սրտերում և հարգանքով ենք հիշում այն մարդկանց, որոնք սպանվել են այն ժամանակ»:










