Կիպրոսում ավիաչվերթների արգելքը երկարաձգվել է մինչ մայիսի 17-ը
Կիպրոսում կորոնավիրուսի համավարակի հետևանքով ավիաչվերթների իրականացման արգելքը երկարաձգվել է մինչ մայիսի 17-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով տրանսպորտի նախարար Յանիս Կարուսոսի հայտարարությանը։
«Հայտնում եմ, որ նախարարների խորհրդի որոշմամբ՝ Լարնակայի և Պաֆոսի օդանավակայաններից ավիաչվերթների իրականացման արգելքը երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 17-ը»,- Twitter սոցկայքի իր էջում հայտնել է նախարարը:
Ի սկզբանե արգելքը սահմանվել էր մարտի 21-ից մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածի համար։ Արգելքի երկարաձգումից հետո բացառություններ են արվել միայն բեռների ավիափոխադրման և մարդասիրական ու բժշկական բեռների մատակարարման դեպքերի համար։ Նախատեսվում է նաև թռիչքներ իրականացնել օտար երկրներից, հիմնականում՝ Մեծ Բրիտանիայից կիպրոսցիների հայրենադարձության համար։
Կիպրոսում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 5-վ՝ հասնելով 795-ի։ Հիվանդությունից երկրում մահացել է 13 մարդ։
Կիպրոսի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արգելել են մարդկանց առանց խիստ անհրաժեշտության տնից դուրս գալ, փակել են խանութների և փոքր բիզնեսների մեծ մասը, արտակարգ դրություն են հայտարարել։










