«Դա սուտ է, ապատեղեկատվություն». Մեծ Բրիտանիայում Չինաստանի դեսպանը հերքել է Պեկինի կողմից կորոնավիրուսի վերաբերյալ ինչ-որ բան թաքցնելու լուրերը
Մեծ Բրիտանիայում Չինաստանի դեսպան Լյու Սյաոմինն արձագանքել է Պեկինի կողմից կորոնավիրուսի համավարակի բռնկման իրական մասշտաբները թաքցնելու վերաբերյալ մեղադրանքներին:
Դիվանագետը հայտարարել է, որ չինական իշխանություններն այս հարցում աշխատել են մաքուր և թափանցիկ, ուստի՝ Միացյալ Նահանգները չի կարող Պեկինին ագրեսիայի ենթարկել կեղծ պնդումների առնչությամբ: Դեսպանն ընդգծել է, որ այս պարագայում ԱՄՆ-ն իրեն պահում է «19-րդ դարի գաղութատիրոջ» պես:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսն անվանել էր «չինական վարակ»՝ չբացառելով լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն առ այն, որ վարակը կարող է արհեստածին լինել ու ստեղծված լինել Չինաստանի լաբորատորիաներից մեկում:
Լյուն նշել է, որ Չինաստանը Միացյալ Նահանգների թշնամին չէ և եթե Վաշինգտոնը Պեկինին թշնամի է համարում, ապա սխալ թիրախ է ընտրել:
«Չինաստանի կառավարությունը թափանցիկ և արագ աշխատանք է տարել համավարակի հետ կապված տվյալների հրապարակման հարցում: Ես շատ եմ լսում կեղծ մեղադրանքներ առ այն, որ Չինաստանն ինչ-որ բան է կոծկել, ինչ-որ բան է թաքցնում: Դա սուտ է, ապատեղեկատվություն: Որոշ երկրներ դատի են տվել Չինաստանին, ինչն անհեթեթություն է: Որոշ քաղաքական գործիչներ ցանկանում են խաղալ աշխարհի ոստիկանի դերը, սակայն սա այն դարաշրջանը չէ, երբ Չինաստանը կիսագաղութատիրական, կիսաֆեոդալական երկիր է»,-ասել է դեսպանը:










