ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներն ու պտտահողմերը 7 մարդու կյանք են խլել, կան բազմաթիվ տուժածներ (լուսանկարներ, տեսանյութեր)
ԱՄՆ Տեխաս, Օկլահոմա և Լուիզիանա նահանգները երկու օր անընդմեջ հայտնվել են ուժեղ ամպրոպների, ջրհեղեղների և պտտահողմերի տիրապետության տակ, գրում է Daily Mail-ը։
Օկլահոմայում և Տեխասում «չափազանց վտանգավոր» մրրիկների հետևանքով հինգ մարդ է զոհվել: Եվս երկու մարդ զոհվել է Լուիզիանայում։
ԱՄՆ-ի հարավում հինգշաբթի օրվա դրությամբ ավելի քան 100 000 տուն մնացել է առանց էլեկտրականության, կան բազմաթիվ տուժածներ։
Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, փոթորիկները զգալի վնաս են հասցրել տներին, ձեռնարկություններին և այլ ենթակառուցվածքներին, արմատախիլ են արել ծառերը, փողոցները ծածկվել են շենքերից պոկված բեկորներով։
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ նահանգի արտակարգ իրավիճակների կառավարման մարմիններն աշխատում են տեղի պաշտոնյաների հետ՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:


















