Ուհանում բուժել են կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնված վերջին հիվանդին

15:54 • 24.04.20

Կորոնավիրուսի համավարակի բռնկման էպիկենտրոն համարվող չինական Ուհան քաղաքում ապաքինվել է հիվանդության հետևանքով ծանր վիճակում հայտնված վերջին հիվանդը, հայտնում է korrespondent.net կայքը՝ հղում տալով ՉԺՀ առողջապահության և հիգիենայի հարցերով պետական հանձնաժովի ներկայացուցիչ Մի Ֆենի հայտարարությանը։

«Հենց նոր ստացված տեղեկությունների համաձայն՝ Ուհանում բուժվել է վերջին հիվանդը, որի մոտ կորնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունը ծանր կերպով էր դրսևորվել։ Ներկայում նման վիճակում գտնվող հիվանդների թիվը 0 է»,- հայտարարել է Մի Ֆենը։

Համավարակի սկզբից Ուհանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 000 դեպք․ հիվանդացածների 93 տոկոսն ապաքինվել է, մահացել է 3689 մարդ։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Չինաստանում ներկայում վարակակիրների թիվը 915 է։ Բժիշկների վերահսկողության տակ ավելի քան 8300 մարդ է գնվում։ Երկրում կորոնավիրուսի կասկածանքով 20 000 մարդ կա. նրանք կարանտին ռեժիմում են գտնվում։ Բժիշկների տվյալների համաձայն՝ վարակվածներից 57-ի վիճակը ծանր է։