Էկվադորի բնակչուհին «մահից» մեկ ամիս անց գիտակցության է եկել

14:17 • 25.04.20

Էկվադորի Գուայակիլ քաղաքում 74 տարեկան կինը, որին հարազատները գրեթե մեկ ամիս մահացած էին համարում, գիտակցության է եկել քաղաքի հիվանդանոցում, գրում է ria.ru-ն։

Ալբա Մարուրի Գրանդան, որին մարտի 27-ին մահացած են հայտարարել Գուայակիլի հիվանդանոցում, գիտակցության է եկել և քրոջը խնդրել է իրեն տուն տանել:

Գրանդային մահացած ճանաչելուց առաջ նրա մարմնի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 42 աստիճան, շնչառական խնդիրներ են առաջացել։ Հիվանդն անգիտակից վիճակում է եղել, երբ բժիշկները շփոթել են նրա անունը և սխալմամբ ընտանիքին հայտնել նրա մահվան մասին:

Ութ օր անց հարազատները դիակիզել են նրա ենթադրյալ աճյունը։ Ընտանիքը մեկ ամիս պահել է անհայտ մարդու աճյունամոխիրը՝ սպասելով, թե երբ Էկվադորում կչեղարկեն կորոնավիրուսի ֆոնին հայտարարված արտակարգ դրությունը և կթույլատրեն հուղարկավորության արարողություն անցկացնել:

Այժմ հարազատները հիվանդանոցից պահանջում են փոխհատուցել երկու հազար դոլար, որոնք ծախսվել են թաղման ծառայությունների և դիակիզման համար:

Վերջին տվյալների համաձայն՝ երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 22 179 դեպք է գրանցվել, 576 մարդ մահացել է: