Աշխարհի ամենամեծ մահմեդական բնակչությունն ունեցող երկրում արգելվել են Ռամադանի ընթացքում ներքին ճանապարհորդությունները
Ինդոնեզիան ուրբաթ օրվանից սկսած ժամանակավորապես արգելել է ուղևորությունները երկրի ներսում, այդ թվում՝ ճանապարհային, օդային և ծովային երթևեկությունը:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ այս քայլով երկրի ղեկավարությունը մտադիր է կանխել կորոնավիրուսի տարածումը, քանի որ միլիոնավոր մահմեդականների սկսում է Ռամադանի՝ սուրբ ամսվա տոնակատարությունը:
Ինդոնեզիան աշխարհի ամենաշատ մահմեդական բնակչություն ունեցող պետությունն է և տասնյակ միլիոնավոր մարդիկ, սովորաբար, տուն են վերադառնում՝ Ռամադանի ավարտը հարազատների հետ նշելու համար: Դա ամենամյա ավանդական ծիսակարգ է, որը կոչվում է «մուդիկ» (թարգմանաբար՝ «վերադառնալ տուն»):
Սակայն երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է գրանցվում, ինչի ֆոնին մտավախություն կա, որ Ռամադանի պահքի ավարտին տուն վերադարձող մարդկանց հետ մեկտեղ մեծ թափ կստանա համաճարակի տարածումը:
Ինդոնեզիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8211 դեպք և 689 մահվան դեպք:










