«ՀԾԿՀ-ն քաղաքացուն չի հարգում․ պարետատունն արգելում է աշխատել, բայց ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» պահանջում են վճարել»․ քաղաքացի (տեսանյութ)
Կառավարության շենքի մոտ ապրիլի 25-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել կոմունալ վարձավճարները չվճարելու պահանջով։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ չեն վճարելու գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարները, քանի որ երկրում արտակարգ դրություն է հայտարարված:
«Մենք հարգում ենք պարետի որոշումը արտակարգ դրության վերաբերյալ, բայց ՀՀ քաղաքացուն չի հարգում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Մենք չենք հրաժարվում վճարելուց, բայց և պահանջում ենք ՀՀ վարչապետից, ՀՀ կառավարությունից, որպեսզի սաստեն «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի ոտնձգությունները մեր քաղաքացիների նկատմամբ: Արտակարգ դրության ավարտից հետո պետք է կազմվի ժամանակացույց և ամիսների ընթացքում վճարվի կուտակված պարտքը։
Կառավարությունը մեզ արգելում է աշխատել, պարետատունը արգելում է աշխատել, բայց ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» պահանջում են վճարել»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Կառավարության մոտ հերթապահություն իրականացնող ոստիկաններից մեկն էլ նշեց, որ ակցիայի մասնակիցները չունեն տեղաշարժման թերթիկ և բողոքի ակցիա իրականացնելու իրավունք։ Նա խնդրեց ողջամիտ ժամանակում հեռանալ Կառավարության շենքի դիմացից և ավարտել բողոքի ակցիան:










