Սաուդյան Արաբիայում որպես պատժամիջոց մտրակի կիրառումն արգելվել է

13:59 • 25.04.20

Սաուդյան Արաբիայում անօրինական գործողության համար որպես պատժամիջոց մտրակի կիրառումն արգելվել է, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում տալով թագավորության գերագույն դատարանին։

Երկրում արգելքի ընդունման պահից մտրակի փոխարեն մարդկանց պատժելու համար բանտային կալանք կամ տուգանք կսահմանվի։ Նշվում է, որ որոշումը կայացվել է մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում, որոնք անցկացվում են թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզի գլխավորությամբ և թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի անմիջական վերահսկողության ներքո:

2019 թվականի դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունն արգելել է երեխաների հետ ամուսնությունը։ Այժմ 18 տարեկանից փոքր դեռահասների հետ ամուսնության համար հատուկ դատարանի որոշում անհրաժեշտ կլինի, որը պետք է պարզի՝ արդյոք «ամուսնությունը դեռահասի իրական հետաքրքրություններից է բխում և չի վնասի նրան»։ 2018 թվականին թագավորությունում կանանց թույլատրել են մեքենա վարել և ֆուտբոլային հանդիպումների այցելել։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանն իր երկրում հայտնի է որպես առաջադիմական բարեփոխումների կողմնակից, սակայն իրավապաշտպանների կարծիքով՝ այդ գործունեության տակ նա քաղաքական ճնշումներ է գործադրում և չարաշահում իշխանությունը։ Հայտնի է, որ նա նաև մեղադրվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրող Ջամալ Խաշոգջիի դաժան սպանության գործում ներգրավված լինելու համար: Համարվում է նաև, որ արքայազնի ենթակայության տակ գտնվող հատուկ ծառայությունները քաղաքացիների ապօրինի հսկողությամբ և սոցիալական ցանցերում նրանց օգտահաշիվները կոտրելով են զբաղվում։