Կորոնավիրուսի համավարակի ընթացքում վարած քաղաքականության համար քննադատությունների ենթարկված Իսրայելի առողջապահության նախարարը հրաժարական է ներկայացրել

23:34 • 25.04.20

Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիցմանը հայտարարել է հրաժարական ներկայացնելու մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իսրայելական հեռուսաալիքին:

«Առողջապահության նախարար Յաակով Լիցմանը շաբաթ օրը վարչապետ Բենյամին Նեթանյահուին տեղեկացրել է, որ ցանկանում է հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից և բնակարանաշինության նախարարի մանդատ է խնդրել»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

Իսրայելցի լրագրողները նշում են, որ առողջապահության նախարարը լուրջ քննադատության է ենթարկվել երկրում կորոնավիրուսի համավարակի ընթացքում գերատեսչության վարած քաղաքականության պատճառով: Նախարարը ինքն ավելի վաղ վարակվել է կորոնավիրուսով և այն տարել առանց բարդությունների:

Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 15 հազարը, իսկ մահացածների թիվը՝ մոտեցել 200-ին: