«Օրենքն այնպես են հնարել, որ օգնությունից չօգտվենք, մտածում եմ՝ վարչապետը ժողովրդի աչքին թոզ է փչում». քաղաքացի (տեսանյութ)

20:14 • 25.04.20

Գրանցված աշխատող եմ, ունեմ 2 անչափահաս երեխա, հիմա հարկադիր արձակուրդում եմ գտնվում, սակայն կառավարության մշակած սոցիալական աջակցության ոչ մի ծրագրից չեմ  օգտվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Հայկ Քարամանյանը:

 «Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում օրավարձով աշխատողներ չկան, այդտեղից սկսեցի հիասթափվել մեր կառավարությունից: Բազմաթիվ անգամ դիմեցի սոցիալական աջակցության համար, ոչինչ չստացա, բայց գրանցված աշխատող եմ,  ունեմ 1 և 3 տարեկան երեխաներ»,- ասաց նա և հավելեց, որ դիմել է վարչապետին, նրան պատասխանել են, որ դիմումն ուղորդել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից էլ պատասխանել են, որ իրեն ոչինչ չի հասնում։

«Անընդհատ դիմում էի, մտածում էի, որ սա ծրագրային խնդիր է, հետո հասկացա, որ անիմաստ եմ անում: Վարչապետի հայտարարություններն արդեն իմ համար էական նշանակություն էլ չունեն, անգամ մտածում եմ, որ  ժողովրդի աչքին թոզ է փչում: Հիասթափվեցի ու նամակ գրեցի վարչապետին, որ հիասթափված եմ ձեզնից, ձեր կառավարությունից, ու եթե ընտրել եմ Ձեզ, ապա սխալ ընտրություն եմ կատարել: Վերջում էլ նշեցի, որ այնպես եմ անելու, որ իմ շրջապատում ով կա, հիսաթափվի ձեզանից, որովհետև դուք ստախոս եք»,- ասաց Հայկ Քարամանյանը:

Քաղաքացին պատմեց, որ նամակը գրելու նույն օրը՝ մի քանի ժամ անց իրեն մի աղջիկ է զանգահարել, ներկայացել է վարչապետի աշխատակազմից, ու ասել, որ վերջինս 2 նամակ է գրել. մեկը՝ խնդրանքով: «Արդեն հասկացա, որ մյուսի համար է զանգել, որ պարզաբանի: Ասացի, բացատրեցի նամակիս էությունը, ինքը հարցրեց, սոցապից մերժում եկե՞լ է, ես էլ ասացի, որ մեկի փոխարեն մի քանի անգամ: Զանգել եմ թեժ գիծ, պարետին, ինչքան հնարավոր կառույց կա, դիմել եմ, բոլոր տեղերից ինձ մերժել են, ու ասել եմ, որ գրանցված աշխատող եմ, 2 անչափահաս երեխա ունեմ ու ոչ մի կետով չեմ համապատասխանում ծրագրերին: Զանգող աղջիկն ասաց, որ իմ հարցը կբարձրաձայնի: Հաջորդ օրը շաբաթ էր, զանգեցի, որպեսզի ճշտեմ, այդ աղջիկը շատ կոպիտ ու հեգնանքով պատասխանեց, որ այսօր ոչ աշխատանքային օր է և «դուք ինձ անհանգստացնում եք»:  Ես էլ չգիտեի, որ արտակարգ դրության պայմաններում գոյություն ունի շաբաթ և կիրակի»,- ասաց Հայկ Քարամանյանը:   

Նա նշեց, որ Կառավարությունն այնպիսի օրենք է հորինել, որ ոչ մի կետում իրենց ոլորտի աշխատակիցները չեն ներառվում: «Կաշեգործությամբ եմ զբաղվում ու իրենց նշած կետերից ոչ մեկին չեմ հարում, այսինքն՝ կաշեգործները ՀՀ-ում գոյություն չունեն, դե, որ էդպես է, եկեք հարկ էլ չտանք»,- ասաց նա։ 

Նա նաև նշեց, որ եթե մտածեն՝ բյուջեն սուղ է, և բոլորին չեն կարողանում օգնել, ապա ինչո՞ւ են պարգևավճարներ ստանում․ «Օրենքով բյուջեն ուտում են: Միջոցներ չկան, չեք կարողանում օգնել, մի էլ կերեք գոնե: Եթե չեն ուզում աշխատել պաշտոնավորները, որ գնացել, նստել են էնտեղ, ու իրենց աղքատիկ աշխատավարձը չի հերիքում, ու պատրաստ չեն այդ գումարով աշխատել ՀՀ քաղաքացուն, թող դիմում գրեն ու պարտադիր նշեն, որ աշխատավարձը չի բավարարում»,-ասաց նա:

Քաղաքացին միջոցներ չունենալու պատճառով պատրաստվում է վարկ վերցնել, բնակարանի գրավի դիմաց: Նա նաև 10 տարի առաջնագծում է ծառայել, և իր խոսքով, չէր մտածել, որ կգա մի օր, խնդանքով կդիմի պետությանը ու անտեսված կլինի:

Մանրամասները՝ տեսանյութում