Իրանն ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտ չի փնտրում և ռազմական գործողությունների նախաձեռնող չի լինի. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնաբանել է Մերձավոր Արևելքում Թեհրանի և Վաշինգտոնի միջև առաջացած լարվածությունը՝ հայտարարելով, թե Իրանը որևէ կոնֆլիկտի չի ձգտում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Իրանն ուշադիր հետևում է ԱՄՆ գործողություններին, սակայն այն տարածաշրջանում երբեք լարվածության և փոխհրաձգությունների նախաձեռնող չի լինի»,- նշել է Ռոհանին Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։
Ավելի վաղ ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարությունը հաղորդել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իրանական ռազմանավակները ապրիլի 15-ին Պարսից ծոցում ամերիկյան ռազմանավերի կողքին վտանգավոր զորաշարժ են կատարել։
ԱՄՆ-ի զինված ուժերը հաղորդել են, որ իրանական ռազմանավակները ամերիկյան նավերին չափազանց մոտ և շատ մեծ արագությամբ են ընթացել։ Նշվում է, որ մեկ ժամ անց իրանական կողմը արձագանքել է ամերիկյան կողմի հնչեցրած կոչերին և ռազմանավակները հեռացրել տարածքից։
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտնել են, որ այդ գործողություններին նախորդել է ապրիլի 6-ին և 7-ին ամերիկյան նավերի կողմից իրանական ռազմանավակների նկատմամբ սադրիչ գործողությունները, որոնց նրանք խոստացել էին ամեն կերպ պատասխանել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրահանգել է ոչնչացնել ամերիկյան նավերին անցնել խանգարող ցանկացած իրանական ռազմանավ։ Վտանգի առաջացման դեպքում ամերիկյան նավերի վրա կրակ բացելու մասին սպառնալիքներ հնչեցրել են նաև Իրանի զինված ուժերը։










