52 տարեկանում մահացած են հայտնաբերել «Չեռնոբիլյան օրագրեր» ֆիլմի դերասան Դիմիտրի Դիատչենկոյին

16:54 • 26.04.20

Դերասան Դիմիտրի Դիատչենկոյին, որն առավել հայտնի է «Չեռնոբիլյան օրագրեր» ֆիլմում մարմնավորած Յուրիի կերպարով, մահացած են հայտնաբերել Ֆլորիդա նահանգի Դեյտոնա-Բիչ քաղաքի իր տանը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանության հաղորդագրությունը:

52-ամյա դերասանին հայտնաբերել են, երբ գործընկերներն անհանգստացել են մի քանի օր լուր չստանալով նրանից, որից հետո ոստիկանություն են դիմել: Գործընկերներից մեկը ոստիկանությանը հայտնել է, որ վերջին անգամ Դիատչենկոյի հետ կապ է հաստատել ապրիլի 19-ին տեքստային հաղորդագրության միջոցով:

Նշվում է, որ դերասանը վերջերս վնասվածք էր ստացել աշխատանքի ժամանակ և ապաքինվում էր: Գործընկերոջ խոսքով՝ նա հոսանքահարվել էր ապրիլի 13-ին:

Ոստիկանությունը նրա տուն է մտել չորեքշաբթի և հայտնաբերել նրա անշարժ մարմինը բազկաթոռին ընկած: Մահվան պատճառը դեռ պետք է պարզվի դատաբժշկական փորձաքննությամբ:  

Դիատչենկոն հանդես է եկել նաև «Անարխիայի որդիները», «Ոսկորները» և այլ հեռուստատեսային սերիալներում: «Չեռնոբիլյան օրագրերն» ամերիկյան սարսափ ֆիլմ է, որի ռեժիսորը ոգեշնչվել է չեռնոբիլյան աղետից: Այն պատմում է ամերիկացի զբոսաշրջիկների մասին, որոնք այցելում են աղետի գոտու լքված քաղաքներից մեկն ու պարզում, որ այնտեղ միայնակ չեն: