Այսօր Չերնոբիլյան ողբերգության 34-րդ տարելիցն է

15:14 • 26.04.20

Այսօր Ուկրաինայում հիշատակում են 1986 թվականի Չերնոբիլյան ատոմակայանի վթարի հետևանքով զոհվածների հիշատակը: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:

1986թ. ապրիլի 26-ին, ժամը 01:23-ին պայթյունների շարքը վերացրեց Չերնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկը: Ռեակտորի անհաջող փորձարկումը վերածվեց աղետի: Հրդեհը ամբողջովին մարել հաջողվեց միայն մայիսի 10-ին:

15 օրվա ընթացքում մթնոլորտ մուտք գործեց 50 մեգակյուրի միջուկային վառելիք: Ռադիոակտիվ ամպը ծածկեց երեք երկրներ` Ուկրաինան, Բելառուսը և Ռուսաստանը:

Տարհանումը սկսվեց միայն երկրորդ օրը, քանի որ խորհրդային իշխանությունները թաքցնում էին աղետը:  Աղետից միայն 36 ժամ հետո տարհանվեց գրեթե 50 000 մարդ:

Նրանք իրենց հետ վերցրեցին ամենաանհրաժեշտ իրերը, հիմնականում միայն փաստաթղթերը, նրանց խոստացան, որ իրենք տուն կվերադառնան 2-3 օրից: Սակայն այնտեղ այլևս ոչ ոք չվերադարձավ: Ընդհանուր առմամբ ատոմակայանին հարակից շրջաններից տարհանվեց շուրջ 115 000 մարդ: