Գերմանիայի արտգործնախարարը դատապարտել է տուրիզմի համար սահմանները բացելու Եվրոպայի ձգտումները

13:50 • 26.04.20

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Հայկո Մասսը քննադատել է այն եվրոպական երկրներին, որոնք ձգտում են արագորեն բացել սահմանները զբոսաշրջիկների համար և նախազգուշացրել է, որ դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով գերմանական «Bild» պարբերականին:

«Եվրոպական մրցավազքը, թե ով առաջինը կթույլատրի զբոսաշրջային ուղևորությունները, տանում է շատ մեծ ռիսկերի: Մենք արդեն տեսել ենք, ինչի կարող է բերել վարակային կլաստերը զբոսաշրջիկների սիրելի վայրերում: Դա չպետք է կրկնվի»,-ասել է Մաասը: Պարբերականը նշում է, որ արտգործնախարարը նկատի ունի ավստրիական Իշգլ հանգստավայրը, որտեղից կորոնավիրուսի տարածման ալիք էր սկսվել:

Մաասը նշել է, որ Եվրոպային հարկավոր է ընդհանուր չափանիշներ ազատ զբոսաշրջություն վերադառնալու համար. «Որքան հնարավոր է շուտ, բայց որքան հնարավոր է պատասխանատու»:

«Մենք չպետք է փոշիացնենք վերջին շաբաթների ընթացքում դժվարությամբ ձեռք բերված հաջողությունները»,-եզրափակել է իր խոսքը արտգործնախարարը:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 921 571 է, մահացել է 203 299 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: