Իրանում վերջին մեկուկես ամսվա ընթացքում կորոնավիրուսից մահացության ամենացածր ցուցանիշն է գրանցվել
Իրանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 60 մարդ, դա վերջին մեկուկես ամսվա ընթացքում ամենացածր օրական ցուցանիշն է:
Մահվան դեպքերի ընդհանուր թիվը Իրանում հասել է 5710-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրին:
«Երկրում անցնող օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1153 նոր դեպք: Այսպիսով, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 90 481-ի»,-տեղեկացրել է Ջահանփուրը:
Իրանում կորոնավիրուսով վարակվածներից 69 657 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 921 571 է, մահացել է 203 299 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










