«Ինձ գոհացնում է այն փաստը, որ Ucom-ը կշարունակի բնականոն աշխատանքը». Անուշ Բեղլոյան
Beeline-ի հասարակայնության հետ կապերի նախկին պատասխանատու, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը մեկնաբանել է Ucom-ի շուրջ վերջին իրադարձությունները։ Իր խոսքում Բեղլոյանը հատկապես նշել է.
«Ինչ վերաբերվում է բուն կոնֆլիկտի պատճառներին, ապա տեսնում ենք, որ այս ընթացքում եղել են հայտարարություններ, վարկածներ, եղել է նաև հայտարարություն՝ Beeline-ի վերաբերյալ, որին ընկերությունը չպատասխանեց: Եվ քանի որ մենք չունենք երկու կողմերի մեկնաբանությունը, շատ դժվար է իրականում հասկանալ, թե ինչքանով են հիմնավորված եղել այս կամ այն հայտարարությունները»:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ իրեն գոհացնում է այն փաստը, որ Ucom-ը դեռևս կշարունակի իր բնականոն աշխատանքը, բաժանորդների շահերն էլ չեն տուժի:
Խոսելով Հայկ Եսայանի նախաձեռնության մասին՝ ստեղծել նոր ընկերություն, Բեղլոյանը ասել է. «Ողջունելի քայլ է: Որովհետև ինչքան ավելի շատ տնտեսվարող լինի հեռահաղորդակցության ոլորտում, այնքան մեր բաժանորդների և հանրության օգուտն է: Ես հաջողություն եմ մաղթում իրենց այդ գործում»:










