Ապրիլի 24-ի նշաձողը կարող է իջնել, եթե հաջորդ տարի չօգտագործվեն այս տարվա վիրտուալ երթի բաղադրիչները․ վարչապետ (տեսանյութ)

09:32 • 27.04.20

Այս տարվա ապրիլի 24-ի մեր միջոցառումները, իմ կարծիքով, 100 տոկոս անթերի չէին, թեև ապրիլի 24-ի երեկոյան միջոցառումը շատ մոտ էր անթերիին: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ապրիլի 24-ին տեղի ունեցած միջոցառման մասին:

«Մենք բոլորս կանգնած էինք շատ ծանր իրավիճակի առաջ, երբ մոտենում էր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, նույն ժամանակ համաճարակը թևախում էր Հայաստան և մենք չգիտեինք, թե ինչպես պետք է ապրիլի 24-ին մարդանց արգելենք բարձրանալ Ծիծեռնակաբերդ: Եվ այստեղ էր, որ մենք որոշեցինք առաաջնորդվել «ճգնաժամը որպես հնարավորություն» թեզով»,-ասաց վարչապետը:

Վարչապետը նշեց, որ ցանկացել են իրենց միտքն օգտագործել այնպես, որ ապրիլքսանչորսյան միջոցառումները նույնիսկ ավելի տեսանելի և հզոր լինեն: Նրա խոսքով՝ սկզբում չեն կարծել, թե միջոցառումն ամբողջությամբ կստացվի: «Մենք մեր պատմությունը պատմեցինք առանց աղաղակի, մենք տեսանելի, ուժեղ, լսելի ոգեկոչեցինք, բայց առանց ողբի»:

Նրա խոսքով՝ եղան կարծիքներ, թե Ծիծեռնակաբերդը փակվում է, որպեսզի մոռացվի այն, ինչը եղել է, սակայն, ըստ նրա, դրանք անհեթեթ ընկալումներ են։ «Մենք ցույց տվեցինք մեր իշխանության, հեղափոխության գաղափարի, ազգային ինքնության, հայի տեսակի ընկալումը: Սա էր ապրիլի 24-ի կարևոր խորհուրդը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ քննարկում էին, որ հաջորդ տարիներին, այն դեպքում, երբ Ծիծեռնակաբերդի ավանդական երթը տեղի կունենա, ապրիլի 24-ի նշաձողը կարող է իջնել, եթե չօգտագործվեն այս տարվա վիրտուալ երթի բաղադրիչները․ «Մենք հիմա նաև հաջորդ տարվա մասին ենք մտածում»։

Վարչապետը հույս հայտնեց, որ որ մյուս տարի կորոնավիրուսը չի լինի, և բոլորը նախկինի նման հարյուր-հազարներով ֆիզիկական երթով կբարձրանան Ծիծեռնակաբերդ: «Բայց այս տարվա փորձը կօգտագործվի, որպեսզի միջոցառումներն ամեն տարվա հետ լինեն ավելի ու ավելի տպավորիչ»,-շեշտեց վարչապետը: