Ուկրաինայի կառավարությունը Ռադայից հետ է կանչել Սաակաշվիլիի` փոխվարչապետի պաշտոնում նշանակման առաջարկը. լրատվամիջոցներ

16:54 • 28.04.20

Ուկրաինայի կառավարությունը Գերագույն ռադայից հետ է կանչել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին բարեփոխումների գծով փոխվարչապետ նշանակելու առաջարկը: Այս մասին տեղեկացնում է censor.net.ua կայքը:

«Սաակաշվիլիի նշանակման մասին աղմկոտ պատմությունը շատ լուռ ավարտվեց. նշանակումն արգելափակվել է, և դեռևս պարզ չէ՝ կկայանա այն, թե ոչ: Երկար բանակցություններից հետո «Ժողովրդի ծառա» խմբակցությունում 248 պատգամավորներից հաջողվել էր հավաքել 140-170 պատգամավորի ձայն Սաակաշվիլիի նշանակման համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ուկրաինացի լրագրող, պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Բուտուսովը:

Նրա խոսքով՝ նախագահական խմբակցությունում արժանի աջակցություն չունենալու պատճառով նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է հրապարակային աջակցություն չհայտնել Սաակաշվիլիին:

«Հնարավոր է ինչ-որ բան փոխվի, նախագահին կառավարում են հույզերը, բայց հիմա նախագահի գրասենյակը չեղարկել է: Գրասենյակում քննարկում է, թե ինչ կարող են առաջարկել Սաակաշվիլիին բարեփոխումների փոխարեն»,-գրել է Բուտուսովը: