Իսրայելի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտը կորոնավիրուսի դեմ հակամարմիններ է մշակել. The Times of Israel
Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման գործում «նշանակալի առաջընթացի» է ականատես եղել․ Իսրայելի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտը կորոնավիրուսի դեմ հակամարմինների մշակման փուլն արդեն ավարտել է, հայտնում է timesofisrael.com կայքը։
Իսրայելցի բժիշկների հավաստմամբ՝ հակամարմինը ճանաչում է վիրուսն ու չեզոքացնում այն հիվանդի մարմնում։
Աղբյուրը մանրամասնում է, որ ինստիտուտն փուլն ավարտելուց հետո այժմ զբաղվում է դրա արտոնագրման և բուժման համար զանգվածային արտադրության կազմակերպման հարցերով։ «Հաջորդ փուլում հետազոտողները միջազգային ընկերություններին դիմում կներկայացնեն առևտրային մասշտաբներով հակամարմինների արտադրության համար»,- ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ։
Այնուամենայնիվ, նախքան պատվաստանյութի արդյունաբերական արտադրության մեկնարկը, մի շարք բարդ և երկար գործընթացներ հարկավոր կլինի անցնել, որոնք կարող են մի քանի ամսից մինչև մի քանի տարի տևել։
«Ես հպարտ եմ ինստիտուտի անձնակազմի այս հսկայական առաջընթացի համար։ Նրանք այս հրաշալի ձեռքբերմանը հասել են ստեղծագործ մտքի ու հրեական խելքի շնորհիվ»,-նշել է Բենեթը։










