Nissan-ը պատրաստվում է հեռանալ եվրոպական շուկայից. Reuters

17:52 • 05.05.20

Ճապոնական աշխարհահռչակ Nissan ընկերությունը նոր ռազմավարություն է որդեգրել, ըստ որի՝ ավտոարտադրողն ապագայում կկենտրոնանա ամերիկյան, չինական և ճապոնական շուկաների վրա և պատրաստվում է դուրս գալ Եվրոպայից՝ փակելով 14 գործարան և կրճատելով արտադրանքի ծավալը, գրում է Reuters գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Nissan ընկերությունը պատրաստվում է նոր երեքամյա ռազմավարության մասին հայտարարել մայիսի 28-ին, որի հիմնական կետերից մեկը կլինի հյուսիսամերիկյան շուկայում ընկերության դիրքերի ամրապնդումը։ Նշվում է, որ դա կարող է կյանքի կոչվել մոդելային շարքի թարմացման և դիլերային ցանցի ընդլայնման շնորհիվ։ Միևնույն ժամանակ ընկերությունը մտադիր է նվազեցնել մրցակցությունն ու ընդլայնել դաշինքի գործընկերների՝ Renault և Mitsubishi բրենդների հետ համագործակցությունը։

Ըստ աղբյուրների՝ ավտոարտադրողը 2020-ին 2019-ի համեմատ կնվազեցնի հետազոտության և մշակումների համար ծախսերը և դրա արդյունքում գոյացած ռեսուրսները կուղղի «առաջնային շուկաներին և հիմնական արտադրանքին»։

«Nissan-ը պարզապես չի կրճատում ծախսերը։ Մենք մեր գործողություններն առավել ռացիոնալ ենք դարձնում, փոխում ենք առաջնահերթություններն՝ ապագայի համար հիմք ստեղծելու համար»,- ընկերության ներկայացուցչի խոսքը մեջբերում է Reuters-ը:

Nissan-ը պատրաստվում է հեռանալ եվրոպական շուկայից. Reuters