Բրիտանացու նոր գնած Tesla Model 3 մեքենայի ղեկը պոկվել է երթևեկության ժամանակ (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի բնակիչ Ջեյսոն Տուատարան, որն ընդամենը 1 ամիս առաջ է գնել նոր Tesla Model 3 մեքենան, տհաճ անակնկալի է եկել, երբ երթևեկելիս մեքենայի ղեկը պոկվել է: Միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան, գրում է The New York Post պարբերականը:
«Ինչպես դա կարող է պատահել Tesla-ի հետ, որն աշխարհի ամենաանվտանգ մեքենան է»,-գրել է իր թվիթերյան էջում 43-ամյա Տուատարան՝ նշելով որ էլեկտրական մեքենան ձեռք է բերել հենց արտադրողից:
Տղամարդը պատմել է, որ Tesla-ի մասին երազել է շուրջ 8 տարի: Նա մեքենան պատվիրել է 2019 թվականի սեպտեմբերի 9-ին:
«Մեզ անընդհատ ասում էին, որ մեքենան տեղ կհասնի հաջորդ ամիս: Դա շարունակվում էր ամեն ամիս մինչև փետրվարի վերջ, երբ մեզ ասացին, որ մենք մեքենան չենք ստանա լավագույն դեպքում մինչև մայիս»,-բողոքել է բրիտանացին:
Երբ մեքենան արդեն տեղ է հասել, Տուատարան երթևեկելու հնարավորություն չի ունեցել, քանի որ երկրում կորոնավիրուսի պատճառով կարանտին է հայտարարված եղել:
Արդյունքում գնման պահից սկսած բրիտանացին իր մեքենայով 550 կմ էր անցել, իսկ դեպքի օրը` ընդամենը 30 կմ:
«Բարեբախտաբար ղեկը պոկվեց երթևեկության ավարտին: Այն բառացիորեն կախված էր լարերից իմ ձեռքերի մեջ: Ես շոկի մեջ էի»,-պատմել է մեքենայի տերը:
Արտադրող ընկերությունում շատ են զարմացել դեպքի առիթով: Մեկուկես ժամվա ընթացքում նրանք մեքենան վերանորոգել են և հարորդ օրը հանձնել տիրոջը, սակայն վերջինս նշել է, որ ինքն արդեն վախենում է վարել այդ մեքենան:











