Իսպանիայի լողափերում «խելացի» զգայակները զբոսաշրջիկներին կպաշտպանեն կորոնավիրուսով վարակվելուց

11:52 • 15.05.20

Իսպանիայում զբոսաշրջիկներին արհեստական բանականության միջոցով կորոնավիրուսով վարակվելուց պաշտպանելու եղանակ են մշակել, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամանսում է, որ Ֆուենխիրոլա քաղաքի Կոստա Դել Սոլ առափնյա գոտում կառավարությունը սոցիլական հեռավորությունը պահելու համար հատուկ սարքեր է տեղադրել։ Նշվում է, որ լապտերային սյուների վրա հատուկ սկաներներ են ամրացվում, որոնք զգայակների միջոցով հետևում են լողափում հանգստացողների քանակին, այնուհետև հեռախոսային հավելվածի միջոցով մարդկանց տեղյակ պահում այդ շրջանի առավել շատ ծանրաբեռնված հատվածների մասին։

Նշվում է, որ քարտեզը մշակվել է լուսակրի համակարգի նմանությամբ․ կանաչը նշանակում է տարածքը հարմար է հանգստի համար, նարնջագույնը զգուշացնում է այդ հատվածի՝ 75 տոկոս զբաղված լինելու մասին, իսկ ահա կարմիրը ազդարարում է, որ այդ շրջանում ազատ տեղեր չկան։

Մարդկանց առավել ճշգրիտ հաշվարկի համար ծրագիրը լողափը սարքերի միջև վիրտուալ քառակուսների է բաժանում․ այս եղանակով տարածք մուտք գործած և դուրս եկած զբոսաշրջիկների քանակը հնարավոր է լինում վերահսկել։

Նորարարության հեղինակ ընկերության ղեկավար Կարլոս Մորենոյի խոսքով՝ հետագայում այս սարքերը կարող են նաև այլ մարդաշատ վարերում, օրինակ՝ առևտրի կենտրոններում, միջոցառման անցկացման հրապարակներում օգտագործվել։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Իսպանիայում հաստատվել է կորոնավրուսով վարակման 272 646 դեպք, մահացել է 27 321, ապաքինվել՝ 186 480 մարդ։

Իսպանիայի լողափերում «խելացի» զգայակները զբոսաշրջիկներին կպաշտպանեն կորոնավիրուսով վարակվելուց