NASA-ն ներկայացրել է Լուսնի վրա գործունեության մասին միջազգային համաձայնագրի հիմնական սկզբունքները

00:02 • 16.05.20

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունն (ՆԱՍԱ) ուրբաթ օրը ներկայացրել է այն հիմնական սկզբունքները, որոնց վրա կազմվելու է Լուսնի վրա գործունեության մասին միջազգային համաձայնագիրը, որին ԱՄՆ-ն ծրագրում է ներգրավել մի շարք գործընկեր պետությունների: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ամերիկյան տիեզերական գերատեսչության տնօրեն Ջեյմս Բրայդենսթայնը։

«Սա նոր դարաշրջանի տիեզերական հետազոտության լուսաբացն է։ Այսօր ինձ համար մեծ պատիվ է հայտարարել Artemis Accords-ի մասին, որը սահմանում է ընդհանուր տեսլական և սկզբունքների շարք բոլոր միջազգային գործընկերների համար»,- գրել է նա։

«Արտեմիսի համաձայնագրերը», որոնք իրենց անվանումը ստացել են Artemis ամերիկյան լուսնային ծրագրի պատվին, ներկայացնում են ԱՄՆ-ի և գործընկեր երկրների միջև մի շարք երկկողմ պայմանագրեր:

«Միջազգային տիեզերական գործակալությունները, միանալով ՆԱՍԱ-ի Artemis ծրագրին, կկազմեն  երկկողմ համաձայնագրեր»,- պարզաբանվում է գերատեսչության կայքում:

Ընդգծվում է, որ հիմք կբերվեն 1967 թվականի տիեզերական պայմանագրի սկզբունքները, իսկ նպատակը կդառնա «անվտանգ և թափանցիկ միջավայրի ստեղծումը, որը կհեշտացնի հետազոտությունը, ամբողջ մարդկության համար գիտական և առևտրային գործունեությունը»։

NASA-ն ներկայացրել է Լուսնի վրա գործունեության մասին միջազգային համաձայնագրի հիմնական սկզբունքները