Նուբար Աֆեյանի ընկերության մշակած պատվաստանյութի փորձարկման ենթարկված մարդկանց մոտ կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմիններ են ձևավորվել

18:22 • 18.05.20

Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna կենսատեխնիկական ընկերության ստեղծած պատվաստանյութն առաջին դրական արդյունքներն են գրանցել «Քովիդ-19»- դեմ պայքարում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ընկերության մամլո ծառայությանը:

Ինչպես նշվում է, նախնական տվյալները ստացվել են կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքում, որին փոքր թվով մարդիկ են մասնակցել: Փորձարկման նպատակն էր հասկանալ՝ արդյոք պատվաստանյութն անվտանգ է, թե ոչ:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում գործող Moderna ընկերությունը, որը համագործակցում է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ, մեկն է ողջ աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փրձարկումներ իրականացնող 8 ընկերություններից:

Ընկերությունից հայտնել են, որ կլինիկական փորձարկման բոլոր ութ մասնակիցների մոտ վիրուսը չեզոքացնող հակամարմիններ են ձևավորվել, որոնք համեմատելի են այն մակարդակին, որը զարգանում է կորոնավիրուսով վարակված և ապաքինված մարդու օրգանիզմում առկա հակամարմիններին:

Չեզոքացնող հակամարմիններն շրջափակում են վիրուսը՝ թույլ չտալով, որ այն վնասի մարդկային բջիջները:  

Ընկերությունն այժմ մեկնարկելու է փորձարկումների երկրորդ փուլը, որը նախատեսում է առավել մեծ թվով մասնակիցների ներառում գիտափորձին: Մասնագետները նախատեսում են փորձարկման երրորդ փուլն սկսել հուլիսին:

Նուբար Աֆեյանի ընկերության մշակած պատվաստանյութի փորձարկման ենթարկված մարդկանց մոտ կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմիններ են ձևավորվել