«Մեր ընկերության մասին կեղծ հայտարարությունները պատրվակ են ծածկագրման և անվտանգության այլ միջոցների թուլացման համար»․ Apple-ը հերքել է ԱՄՆ գլխավոր դատախազի մեղադրանքները

12:40 • 19.05.20

Apple-ում մերժել են ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրի հայտարարությունն առ այն, որ ընկերության անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությունը սպառնում է երկրի ազգային անվտանգությանը, և որ Apple-ը համագործակցում է Ռուսաստանի և Չինաստանի իշխանությունների հետ, գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Apple-ի հայտարարությունը։

Ընկերությունը կեղծ է որակել հանցագործների բացահայտման հարցում ԱՄՆ իրավապահ մարմիններին չօգնելու մեղադրանքները և ընդգծել, որ ընկերությունը համագործակցում է ՀԴԲ-ի և այլ գերատեսչությունների հետ։

«Մեր ընկերության մասին կեղծ հայտարարությունները պատրվակ են ծածկագրման և անվտանգության այլ միջոցների թուլացման համար, որոնք պաշտպանում են միլիոնավոր օգտատերերի և մեր ազգային անվտանգությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Ընկերությունում նշել են, որ, մասնավորապես, իրավապահ մարմիններին օգնել են 2019 թվականի դեկտեմբերին Պենսակոլայի ռազմածովային ուժերի ավիաբազայի վրա զինծառայողների վրա ահաբեկչական հարձակումից հետո: Այդ ժամանակ Apple-ը իշխանություններին տրամադրել էր բոլոր մատչելի տեղեկությունները, այդ թվում՝ iCloud-ի կրկնօրինակները և հաշիվների ու գործարքների տվյալները։

Apple-ը նշել է, որ նույն iPhone-ը վաճառվում է ամենուր, չի պահպանում օգտատերերի գաղտնաբառերը և հնարավորություն չունի ապաարգելափակել գաղտնաբառով պաշտպանված սարքերը։

«Բոլոր այս մեթոդները հավասարապես կիրառելի են աշխարհի բոլոր երկրներում»,- ասված է ընկերության հայտարարության մեջ՝ հավելելով, որ ամերիկացիներին հարկավոր չէ ընտրել կոդավորման թուլացման և հանցագործությունների արդյունավետ հետաքննությունների միջև:

«Մեր ընկերության մասին կեղծ հայտարարությունները պատրվակ են ծածկագրման և անվտանգության այլ միջոցների թուլացման համար»․ Apple-ը հերքել է ԱՄՆ գլխավոր դատախազի մեղադրանքները