Nissan-ը 1 միլիոն եվրո արժողությամբ սպորտային կուպե է թողարկել (լուսանկարներ)
Ճապոնական Nissan ընկերությունը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ արտադրվող Nissan GT-R50 by ItaLDesign սպորտային կուպե ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում է Motor1-ը:
Մեքենան ստեղծվել է թուրինյան Italdesign ընկերության հետ համագործակցությամբ, սպորտային վերջին Nissan GT-R Nismo մեքենայի հիմքի վրա` GT-R մոդելի և Italdesign-ի 50-ամյակի կապակցությամբ:
Մեքենայի արտաքին տեսքը գրեթե ոչնչով չի տարբերվում նախատիպից, որն առաջին անգամ ներկայացվել է 2018 թվականի հուլիսին Գուդվուդի արագության փառատոնի ժամանակ: Սերիական մեքենայի համար ընտրվել է մոխրագույն գույնը` ոսկյա շեշտադրումներով:
Սրահի հարդարման համար օգտագործվել է կարբոն, զամշ և բնական կաշի:
Թողարկման համար նախատեսված 50 մեքենաներից յուրաքանչյուրը համալրված է 3,8 լիտր ծավալով երկտուրբին V6 արդիականացված շարժիչով, որի հզորությունը 720 ձիաուժ է: Ունի ռոբոտացված 6-աստիճան փոխանցման տուփ:
Մեքենայի արժեքը 990 000 եվրո է: Գնորդները իրենց մեքենաները կկարողանան ստանալ 2020 թվականի վերջին կամ 2021-ի սկզբին:



















