Գիտնականները կորոնավիրուսի երեք ենթատեսակ են հայտնաբերել. ամենաարագ տարածվողը եվրոպականն է

20:23 • 20.05.20

Թասմանիայի համալսարանի գիտնականները վերլուծել են SARS-CoV-2 վիրուսի հազարավոր շտամների գենոմներ և եկել են եզրահանգման, որ վիրուսը երեք առանձին շարքերի է բաժանվել, որոնցից յուրաքանչյուրը ներկայանում է սեփական գենային մուտացիաներով:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, հետազոտության նախնական արդյունքները հրապարակվել են bioRxiv էլեկտրոնային գիտական գրադարանում:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այժմ աշխարհում զուգահեռաբար 3 տարբեր շարքի վիրուսներ են շրջանառվում, որոնք համաճարակաբանության տեսանկյունից զգալիորեն տարբերվում են միմյանցից: Օրինակ, C շարքի վիրուսը, որին բնորոշ է աճի բարձր արագությունը, ի հայտ է եկել Եվրոպայում փետրվարի վերջին»,- ասվում է պարբերականում հրապարակված հոդվածում:

Երեք տեսակները տարբերակվում են ինչպես վարակիչ լինելու հատկությամբ, այնպես էլ տարածման սկզբունքով: Առաջին երկու շարքը, որոնք ստացել են A և B անվանումները, միմյանցից քիչ են տարբերվում: Այս տեսակներն ի հայտ են եկել համաճարակի զարգացման առաջին օրերին՝ 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Դրանք սկզբնական շրջանում տարածում են գտել Չինաստանում, սակայն ժամանակի ընթացքում հայտնվել են Ասիայի այլ երկրներում և ԱՄՆ-ի արևմտյան ափերին:

Երրորդ շարքը, որն ստացել է C անվանումը, ավելի ուշ է հայտնվել և առաջացել է Եվրոպայի տարածքում: Այս տեսակի վիրուսի մուտացիաների հիմքում ընկած է բազմացման արագությունը: Այժմ այս շարքի վիրուսն ամենատարածված ենթատեսակն է ողջ աշխարհում:

Գիտնականները կորոնավիրուսի երեք ենթատեսակ են հայտնաբերել. ամենաարագ տարածվողը եվրոպականն է