Սինգապուրցի գիտնականները պարզել են, թե կորոնավիրուսով հիվանդները քանի օրից են դադարում վարակիչ լինել
Կորոնավիրուսով հիվանդները վիրուսով պայմանավորված հիվանդության ախտանշանների ի հայտ գալուց 11 օր անց դադարում են վարակիչ լինել:
Ինչպես հայտնում է The Straits Times-ը, նման եզրահանգման են եկել Սինգապուրի Վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև Բժշկական գիտությունների ակադեմիայի վիրուսաբանության բաժնի մասնագետները:
Նրանց գնահատմամբ՝ ապաքինվող հիվանդների հետազոտության արդյունքները կարող են ցույց տալ կորոնավիրուսի առկայություն, սակայն այն արդեն վտանգավոր չէ: «Գիտնականները կարծում են, որ թեստերը ցույց են տալիս միայն վիրուսի գենոմի մի մասը, սակայն ունակ չեն պարզելու դրա կենսունակությունն ու այլ մարդու փոխանցման հավանականությունը»:
Մասնագետների խոսքով՝ կարող են լինել նաև բացառություններ, օրինակ՝ օնկոլոգիական հիվանդություններ ունեցող մարդկանց դեպքում, որոնք հավելյալ դեղամիջոցներ են ընդունում՝ ուղղված իմունային համակարգի ամրապնդմանը:
Վերջին տվյալների համաձայն՝ Սինգապուրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 31.000 մարդ, մահացել՝ 23-ը:










