«Տեսալսողական մեդիածառայությունների մասին» օրինագիծը բազմաթիվ թերություններ ունի, մտնում է խմբագրական քաղաքականության և էթիկական կարգավորման դաշտ. Բորիս Նավասարդյան
«Տեսալսողական մեդիածառայությունների մասին» օրինագիծը լուրջ փոփոխության կարիք ունի, քանի որ այնտեղ կան բազմաթիվ թերություններ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա կարծիքով՝ օրինագծի հիմքում դրված հայեցակարգը չի տանում ոլորտի բարեփոխմանը: Եվ եթե ցանկանում ենք, որպեսզի ոլորտը բարելավվի, ուրեմն պետք է ավելի լուրջ փոփոխություններ իրականացնել:
«Իմ կարծիքով այսօրվա տեխնոլոգիաների զարգացման պայմաններում անիմաստ է մրցույթներ անցկացնել վերգետնյա հեռարձակման համար, եթե առաջադեմ մոտեցում դրսևորեին, ապա բոլորին պետք է հնարավորություն տրվեր հեռարձակվելու»,- ասաց նա:
Երկրորդ կարևոր սկզբունքը, ըստ նրա՝ այն է, որ պետք է վերացվեր հանրային մուլտիպլեքսի մենաշնորհը մրցույթ անցկացնելու համար:
«Դա քիչ է տարբերվում նախկինում գործող կարգավորումներից, որտեղ ենթադրվում է հաճախականությունների տրամադրումը և հանրային մուլտիպլեքսի միջոցով հեռարձակում իրականացնելը: Փաստորեն այսօր թվայնացման պայմաններում այլևս ոչ թե հաճախականությունների մրցույթներ են հայտարարվելու, այլ հայտարարվելու են մրցույթներ տեղական մուլտիպլեքսում տեղ ունենալու համար»:
Հիշեցնենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը օրեր առաջ շրջանառության մեջ են դրել ԱԺ «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թևոսյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Դիտարկմանը, թե ի՞նչ չափանիշներ են սահմանված մրցույթին մասնակցելու համար, Բորիս Նավասարդյանը պատասխանեց, որ այն պետք է սահմանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Օրենքով դրա մասին որևէ բան դրույթ չկա, բոլորի համար ընդհանուր սկզբունքներ են գործում:
«Բոլոր կարգավորումները, որոնք վերաբերում են բովանդակությանը, կա´մ շատ անորոշ են, կա´մ չափազանց մանրամասն են ներկայացված և մտնում են այնպիսի դաշտեր, ինչպիսին խմբագրական քաղաքականությունն է և էթիկական կարգավորումը: Այդ խորությամբ բովանդակային կարգավորում օրենքով անհրաժեշտ չէ: Մյուս խնդիրը այն է, որ օրինագծում չկա հստակեցում հանրային մուլտիպլեքսում հեռարձակման համար կազմակերպվող մրցույթների և տրամադրվող տեղերի համար: Ես համոզված եմ, որ օրենքով պետք է հստակեցվի: Խաղի կանոնները պարզ լինեն օրենքի շնորհիվ, ոչ թե կարգավորող մարմնի կադրերի միջոցով»,- ընդգծեց նա:
Բորիս Նավասարդյանը նշեց, որ օրինագծում բավականին հստակեցված է, թե ինչպիսի պատասխանատվության են ենթարկվում կոնկրետ խախտումների համար, ինչը, նրա կարծիքով՝ օրինագծի ամենահաջողված մասերից մեկն է, թեև ընդհանուր շատ բացասական է գնահատում օրինագիծը:
Բորիս Նավասարդյանը նաև նշեց, որ ապատեղեկատվություն է տարածվել, որ պետք է լիցենզավորվեն նաև առցանց կայքերը, նման դրույթ օրինագծում չկա: Հստակ գրված է, որ համացանցը այս օրենքով չի կարգավորվում:
Վերգետնյա հեռարձակում իրականացնելու համար պետք է պայմաններ ստեղծվեին նաև օրենքով, քանի որ գործող օրենքով այդ պայմանները ապահովված չէ, որպեսզի հնարավորություն ստեղծվեր նաև մասնավոր մուլտիպլեքսների ձևավորման համար: Պետք է աշխատենք օրինագծի որակը բարելավվելու համար, որպեսզի չլինեն այնպիսի կարգավորումներ, որ հնարավոր չէ իրականացնել, իսկ եղած նախագծում այդպիսի կարգավորումները շատ են:










