Մենք արտոնյալ պայմաններ չենք ունեցել և խնդրում ենք մեզ չներգրավել քաղաքականության մեջ․ «Էյ Դի Էմ դայմոնդս» ընկերության տնօրեն
«Էյ Դի Էմ դայմոնդս» ընկերության տնօրեն Արտակ Բաղիկյանը մամուլի ասուլիս էր հրավիրել և շարժառիթը, ինչպես նշեց ինքը, Tert.am-ի՝ երեկ հրապարակած տեսանյութն էր։
Նախ Բաղիկյանը, ըստ իրեն, փաստեր էր ներկայացնում, որ ադամանդագործությամբ զբաղվում է օրենքի շրջանակում, և մեղադրանքներն անհիմն են, փաստաթղթեր ու առևտրային գաղտնիքներն էլ ներկայացնում են լրատվամիջոցներին: Նա ասաց, որ առանց անուններ հնչեցնելու մեղադրանքներ են հնչել, թե գոյութուն ունեն մաֆիոզ խմբեր, ովքեր ադամանդագործությամբ են զբաղվում մաքսանենգ ճանապարհով:
«Առանց անուններ հնչեցնելու մեղարդանքներ են հնչեցվում, որ գոյություն ունեն մաֆիոզ խմբեր, առանց փաստաթղթերի ներմուծումներ և այլն: Սակայն Tert.am-ը երեկ բացեիբաց տվեց մեր անունը, որ մենք խառնված ենք մաֆիոզ գործարքների մեջ, որ աշխատողներին աշխատավարձ չենք վճարում և այլն, նման անհիմն մեղադրանքներ, մեջբերումներ արեց գործարարներից, որոնք չեն ցանկացել ներկայանալ, մենք այսօր բացեիբաց բոլոր հնչեցրած մեղադրանքներին ներկայացնելու ենք հիմնավորված պատասխաններ»:
Արտակ Բաղիկյանը նշեց, թե նախ կանդրադառնա աշխատավարձ չվճարելուն, և հայտնեց, որ 2017-ի մարտից մինչ օրս չի եղել մեկ ամիս, որ աշխատավարձ չվճարվի, չեն եղել նաև ուշացումներ, տրվել են ավանսներ:
Սակայն, նշենք, որ Tert.am-ի տեսանյութում ընկերության կողմից աշխատավարձ չվճարելու մասին խոսք չկա: Տեսանյութում նշվում էր, որ ադամանդագործական մեկ այլ ընկերության գործադիր տնօրենի խոսքով, որը չցանկացավ իր անունը հնչեցնել, ՀՀ–ում ադամանդագործների աշխատավարձերն սկսում են 100․000 դրամից, իսկ «Էյ Դի Էմ դայմոնդս» ընկերության ղեկավարներից Արտակ Բաղիկյանը հայտարարել էր, որ իր ընկերության աշխատողը կարող է 500․000 դրամից ավելի աշխատավարձ ստանալ։
Անդրադառնալով իր՝ 500․000 դրամ աշխատավարձի վերաբերյալ հայտարարությանը, Բաղիկյանն ասաց. «Ասել եմ և հաստատում եմ իմ ասածները, որ մեր ոլորտում աշխատավարձերը կարող են հասնել մինչև 500․000 դրամի։ Այո, 500․000 դրամ և ավելի աշխատավարձ հնարավոր է ունենալ՝ ոլորտը հասցնելով զարգացման գագաթնակետին, ինչը մենք փորձում ենք անել»,- ասաց նա։
Նկատենք նաև, որ ասել էր՝ կարող է 500․000 դրամից ավելի աշխատավարձ ստանալ, այժմ ասում է ձգտում են հասնել 500․000 դրամի:
Արտակ Բաղիկյանը նաև ասում է, որ մեղադրանքներ են հնչեցվել պետական քվոտա ունենալու և պատրաստի ադամանդի արտահանման առումով, և ասաց, որ նման բան չկա: «Տեսանյութում 112․000 կարատ պատրաստի արտադրանքի մասին է խոսվում (խմբ․ տեսանյութում նշվում է 118․000 կարատ և որպես փաստ, որ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն՝ 2020թ. ՀՀ-ում արտադրվել է 118․476 կարատ ադամանդ), դրա կեսից քիչն է մեր բաժինը։ Կուզենայի, որ ամբողջը մերը լիներ։ Մենք մեզ համար մշակել ենք զարգացման ռազմավարություն և ունենք հստակ նպատակ մինչև 2022 թ․ ունենալ 200․000 կարատ և ավելի արտահանման ծավալ»,-ասաց Բաղինյանը:
Փաստացի, Բաղինյանն ասում է, որ իր նշած թվով՝ 112․000-ից կեսից քիչն է իրենցը, սակայն ՀՀ-ում կա 10 ադամանդի արտադրությամբ զբաղվող ընկերություն, այսինքն կեսից քիչն իրենցն է, մնացածը՝ 9-ը ընկերությանը:
Արտակ Բաղինյանը նաև անդրադարձավ աշխատուժին, նա ասաց, որ հրապարակված տեսանյութում անանուն ձեռնարկատերերը պնդում են, որ Հնդկաստանում այս ոլորտում երկու անգամ էժան է աշխատուժը, սակայն առաջատար 10 ընկերություններում 20-30 տոկոսով ավելի բարձր են աշխատավարձերը, քան Հայաստանում:
Նրա խոսքով՝ ընկերության արտադրանքը հիմնականում իրացվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ ՌԴ-ում, ԱՄԷ-ում։ Իրացման աշխարհագրությունը, ըստ նրա՝ շարունակաբար ընդլայնվում է, իրենց զարգացման ռազմավարության համաձայն էլ՝ մինչև 2022 թ․ ունենալու են 200․000 կարատ և ավելի արտահանման ծավալ, ընկերության աշխատակիցների քանակն այս պահի դրությամբ 157 է, միջին աշխատավարձը՝ 100․000 դրամի սահմաններում։
Ինչ վերաբերում է Հայաստան ներմուծման դեպքում առկա մաքսատուրքերին, Արտակ Բաղիկյանը նշեց․ «ՀՀ-ում գոյություն ունի 6 տոկոս մաքսատուրք ադամանդի ներկրման համար, ՌԴ-ի դեպքում մաքսատուրքը 10 տոկոս է։ Որևէ խելացի գործարար չեմ կարծում, որ չօգտվի այս առիթից»։
Արտակ Բաղինյանն ասաց, որ 1000 խոշոր հարկատուների ցանկում լինելը հնչեցվում է որպես հանցագործություն, սակայն տեսանյութում այդ մասին ընդամենը նշվում է. «Հայաստանում գործող ադամանդագործական ընկերություններից մեկի սեփականատերը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ում գործող 9 ընկերությունները բիզնես առումով այնքան էլ լավ վիճակում չեն, ի տարբերություն «Էյ Դի Էմ դայմոնդս» ընկերության։
Նրա խոսքերն ապացուցում է այն հանգամանքը, որ «Էյ Դի Էմ դայմոնդս» ընկերությունը ՀՀ-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում է։ Ի դեպ, այս ցանկում ադամանդագործության ոլորտից տեղ է գտել միայն «Էյ Դի Էմ դայմոնդս» ընկերությունը։
2020թ. առաջին եռամսյակում ընկերությունը վճարել է 52 մլն 930 հազար հարկ՝ զբաղեցնելով 1000 խոշոր հարկատուների ցանկում 715-րդ հորիզոնականը»։
Անդրադառնալով մաքսատուրքին՝ Արտակ Բաղինյանն ասաց. «ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումն առանց մաքսատուրքի է, օրինական ընձեռված հնարավորություն է: Եթե ադամանդագործությանը չէ, ապա մեքենաներին երևի ծանոթ եք՝ կապված մաքսատուրքերի հետ. ԵԱՏՄ մաքստուրքերը ոչ թե Ռուսաստանինն են, այլ գնում են միասնական բյուջե: Արտոնյալ պայմաններ էլ չենք ունեցել, ապացույցն էլ այն է, որ ունենում ենք հարկային ստուգումներ: Չենք զբաղվել, զբաղվում ու զբաղվելու քաղաքականությամբ և խնդրում եմ մեզ չներգրավել քաղաքականության մեջ»,-ասաց Բաղիկյանը:










